COVID-19. Աբու Դաբիի ցողունային բջիջների կենտրոնը բուժել է ավելի քան 2000 հիվանդների. դեսպանություն

11:29, 28 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբու Դաբիի ցողունային բջիջների կենտրոնը (ADSCC) հայտարարել է, որ բուժել է COVID-19–ով վարակված ավելի քան 2000 հիվանդների, որոնցից 1200-ն արդեն լիովին վերականգնվել է վիրուսի հետևանքներից: Հատկանշական է, որ սկզբնական կլինիկական փորձարկումներում հաջողվել է բուժել  73 վարակակրի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունից, բուժվածների թվի աճը գրանցվել է կենտրոնի աշխատակիցների մեծ ջանքերի շնորհիվ և այն բանից հետո, երբ ԱՄԷ կառավարության որոշմամբ COVID-19-ով միջին և ծանր հիվանդների համար բուժումը դարձավ անվճար:

Հաղորդագրության մեջ նշված է. «Կառավարության որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ բուժումը ստացավ UAECell19 անվանումը և ցույց տվեց իր արդյունավետությունն և անվտանգությունը` չհանգեցնելով որևէ վտանգավոր փոփոխության, անսպասելի լուրջ ռեակցիայի (օրինակ `անաֆիլաքսիա, ալերգիկ ռեակցիաներ կամ հանկարծակի մահ), ինչպես նաև թոքերի ցանկացած բարդությունների և այլն:

Նախորդ ամիս ADSCC  կենտրոնի բժիշկների և հետազոտողների մի խումբ բժիշկ Յենդրի Վենտուրայի գլխավորությամբ հայտարարել են, որ մշակել են բուժման նոր եղանակ՝ նոր կորոնավիրուսի բորբոքումները վաղ շրջանում բուժելու համար։  UAECell19-ը՝ ցողունային բջիջների վրա հիմնված թերապիա է, որն օգնում է մարմնին պայքարել վիրուսի դեմ և նվազեցնում  է հիվանդության ախտանշանները։ Բուժման այս տարբերակը հիմնված է հիվանդի արյան միջից ցողունային բջիջների դուրսբերմամբ և նուրբ նյութի միջոցով նորից թոքեր ներարկմամբ՝ ինհալացիայի միջոցով բջիջներն ակտիվացնելուց հետո։

Հետազոտողները բուժման առաջին փորձարկումներից հետո կարողացել են եզրակացնել, որ UAECell19-ը, ի տարբերություն  բուժման ավանդական եղանակի,  կարող է  նվազեցնել բուժման ժամկետը՝ 22 օրից հասցնելով ընդամենը 6 օրվա։

Հավելյալ հետազոտությունները ցույց են տվել, որ  հիվանդները, որոնք բուժում են ստացել ցողունային բջիջներով, բուժվել են 7 օրից էլ քիչ ժամկետում, այսինքն մոտ 3,1 անգամ ավելի արագ, քան այն հիվանդները, որոնք ստացել են միայն ավանդական բուժում։ Ցողունային բջիջների միջոցով բուժում ստացած հիվանդների 67%-ն իր ապաքինման համար շնորհակալ է բուժման այս նոր եղանակին։

Աբու Դաբիի Ցողունային բջիջների կենտրոնը նշել  է, որ կենտրոնին հաջողվել է հասնել UAECell19-ի մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությանն, ինչը թույլ է տվել տարածել բուժման այս եղանակը հնարավորինս լայն շրջանակներում՝  նպաստելով ավելի մեծ թվով հիվանդների ապաքինմանը։

Աբու Դաբիի Ցողունային բջիջների կենտրոնն ընդգծել է, որ հետազոտողները տարբեր փուլերում ջանքեր են գործադրում՝ ապացուցելու բուժման և ճիշտ չափաբաժնի արդյունավետությունը (փորձարկումների երրորդ փուլ), ինչպես նաև փորձարկելու այս բուժման արդյունավետությունն այլ հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են՝ շնչառական համակարգի այլ հիվանդություններ, բրոնխիալ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, ցիստիկ ֆիբրոզ»։


© 2009 ARMENPRESS.am