ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում 1.5 միլիոն տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրին

13:45, 25 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը իր ելույթում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովին կոչ է արել 1,5 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման և ականներից տուժածների վերականգման ծրագրին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Կոնգրեսականն իր խոսքն ասել է ուղիղ տեսակապի միջոցով Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի առաջին վիրտուալ լսումների ժամանակ: Հանձնաժողովը քննարկում էր 2021 թվականի արտաքին օգնության հիմնական առաջնահերթությունները:

Կոնգրեսական Շերմանի կոչին միացել են ևս 9 կոնգրեսականներ՝ Ջուդի Չուն, Դեյվիդ Սիսիլինին, Ջիմ Քոստան, Թջեյ Քոքսը, Ջոն Գարամենդին, Ջիմ Հիմեսը, Քերոլայն Մալոնին, Ադամ Շիֆն ու Ռաշիդա Թլայբը, ովքեր գրավոր իրենց աջակցությունն են հայտնել ականազերծման ծրագրի ֆինանսավորմանը:

ԱՄՆ վարչակազմը դեռևս 2019 թվականի գարնանը որոշել էր դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագիրը, որն իրականացնում է «HALO Trust» բրիտանական կազմակերպությունը՝ պատճառաբանելով, որ ծրագիրը մոտեցել է իր ավարտին: ԱՄՆ պետքարտուղարության և Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչների համատեղ նամակում ընդգծվել է, որ տրամադրվող միջոցները կուղղվեն այլ ոլորտներ, մասնավորապես բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ծրագրին:

Ամերիկահայ կազմակերպությունները շնորհակալությունն են հայտնել կոնգրեսական Շերմանին ու նրա գործընկերներին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովում ականազերծման ծրագրի հարցը հնչեցնելու համար: Կազմակերպություններն ընդգծում են ականազերծման կարևորությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար և ծրագրի մարդասիրական բնույթը:


© 2009 ARMENPRESS.am