Նախագահը ստորագրել է Սահմանադրության փոփոխությունների ընթացակարգի մասին օրենքը

01:38, 24 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաթեթով կանոնակարգվել է Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելու ընթացակարգը:

Օրենքի ընդունումից հետո Ազգային ժողովի նախագահը կհրապարակի խորհրդարանի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունների օրենքը, որից հետո կդադարեցվի Սահմանադրական դատարանի 3 անդամների պաշտոնավարումը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել՝ որպես ՍԴ անդամ:

Սահմանադրության փոփոխությունների օրենքն ուժի մեջ կմտնի ԱԺ նախագահի կողմից հրապարակման հաջորդ օրվանից:

Նորայր Շողիկյան

 

 


© 2009 ARMENPRESS.am