Նախարարները դիմակներ են բաժանում քաղաքացիներին

18:04, 23 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դիմակներ է բաժանում փողոցում քայլող քաղաքացիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ասաց, որ դիմակներ բաժանելու ակցիան իրականացնում է Շենգավիթ վարչական շրջանում:

«Այսօր մեր քաղաքացիներին բաժանելու ենք դիմակներ, կոչ ենք անելու կրել և ճիշտ կրել դիմակներ: Հույս ունեմ, որ արդյունավետ կլինի այս ակցիան»,- ասաց Թորոսյանը:

Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիներին դիմակ բաժանելու ակցիա են իրականացնում նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ոստիկանապետ Վահե Ղազարյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ավելի վաղ քաղաքացիներին դիմակներ բաժանելու ակցիան իրականացնոմ էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանում հունիսի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21 006 դեպք, որոնցից 10 144-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10 364  պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 98 117 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 372: Արձանագրվել է մահվան ևս 126 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am