Չնայած այս դիմադրությանը և խոչընդոտներին՝ վճռականորեն շարունակելու ենք բարեփոխումները. Փաշինյան

20:22, 18 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունն իրականացրել է համապարփակ բարեփոխումներ՝ օրենքի գերակայության և կառավարության հաշվետվողականության վրա հիմնված ամուր ժողովրդավարական ինստիտուտներ ձևավորելու նպատակով: Այդ մասին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի տեսակոնֆերանսին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի վերափոխումը մեր օրակարգի առանցքում են: Մեր ջանքերը, սակայն, հանդիպում են նախկին օլիգոպոլիաների և կոռումպացված շրջանակների ուժեղ դիմադրությանը: Նրանք, ովքեր վախենում են կորցնել իրենց ապօրինի ձեռք բերված ունեցվածքը, շահարկում են զանգվածային լրատվամիջոցները և կեղծ լուրեր են տարածում՝ կառավարության նկատմամբ անվստահություն սերմանելու և կորոնավիրուսային համաճարակին դիմակայելու ջանքերը նսեմացնելու նպատակով:

Չնայած այս բոլոր խոչընդոտներին, մենք վճռականորեն շարունակելու ենք բարեփոխումները՝ Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի դարձնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է վարչապետ Փաշինյանը:

 


© 2009 ARMENPRESS.am