Գործադիրը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել լիզինգի համար օրենսդրական դաշտը բարելավող նախագիծ

14:00, 18 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության կողմից խորհրդարանի քննարկմանը ներկայացված նախագծով առաջարկվում է լիզինգի համար օերսնդրական դաշտը բարելավել:  

«Արմենպրես»հաղորդմամբ՝ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը:

«Նախագիծը նախատեսում է լիզինգի գործիքը և իր կիրառման շրջանակը հավասարեցնել ֆինանսական և վարկավորման այլ գործիքներին: Նպատակ է դրվել լիզինգի համար օրենսդրական դաշտը բարելավել՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով հիմնական միջոցների ներմուծման, վաճառքի, արտադրության նպատակով»,-ասաց Մարգարյանը:

Գործող Քաղաքացիական օրենսգրքում չեն կարգավորվում լիզինգի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են կրկնակի լիզինգը, հետադարձ լիզինգը: Հարկային օրենսգրքում փոփոխություններով առաջարկվում է լիզինգի առարկայի դիմաց լիզինգատուի կողմից ստացված վճարները դիտել որպես նվազեցում: Առաջարկվում է ԱԱՀ չնախատեսող գործարքներով ձեռք բերվող լիզինգի առարկայի համար լիզինգատուի կողմից ԱԱՀ չհաշվարկել: «Լիզինգատուն՝ ֆինանսական կազմակերպությունը ձեռք է բերում գույքը մի կազմակերպությունից, որը դրա համար իր հաշիվ-ֆակտուրայում ԱԱՀ չի առանձնացնում: Գործող կարգավորումներով լիզինգատուն ստիպված է լինում դրա վրա ավելացնել ԱԱՀ, երբ հանձնում է լիզինգառուին, ինչը 20 տոկոսով թանկացնում է գործարքի արժեքը: Հետևաբար, այս պահին հաճախորդները նախընտրում են գույքը ձեռք բերելու համար վարկ վերցնել, քանի որ այդ դեպքում լրացուցիչ 20 տոկոսը չէր ավելանա: Առաջարկի արդյունքում հնարավոր կլինի նմանատիպ գործարքների արժեքը 20 տոկոսով նվազեցնել և ավելի ձեռնտու դարձնել տնտեսավարողների համար»,-ասաց փոխնախարարն ու նկատեց, որ դա թույլ կտա բազմապատկել լիզինգային գործարքները:

Փաթեթով առաջարկվում են մի շարք այլ փոփոխություններ ևս:

Աննա Գրիգորյան


© 2009 ARMENPRESS.am