Կառավարությունն արտոնություն տրամադրեց Երևանում 250Մվտ հզորությամբ կայանի կառուցման ծրագրին

12:32, 18 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բավարարեց «ԱՐՄՓԱՈՒԵՐ» ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են Երևանում էլեկտրաէներգիայի արտադրության համար (250Մվտ հզորությամբ գազային վառելիքով աշխատող համակցված ցիկլով էլեկտրակայանի կառուցում)։

Ընկերությունը 2019 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստացել է ԱԱՀ-ի գումարները 3 տարի ժամկետով երկարաձգման արտոնություն:

Արդեն իսկ իրականացվել է շուրջ 69 մլրդ դրամի ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 61 մլրդ դրամի ներդրում ցանկում ներկայացված սարքավորումների ձեռքբերման, իսկ մնացած մասը էլեկտրակայանի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 6 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 106 նոր աշխատատեղ` 545 հազար դրամ միջին աշխատավարձով։

Կայանի հզորությունը կազմելու է շուրջ 250Մվտ: Միայն հզորության մասով տարեկան իրացման ծավալը կազմելու է շուրջ 20 մլրդ դրամ: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները որոշվելու են համակարգի օպերատորի կողմից: Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ մատակարարվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է  14.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 14 մլրդ դրամ:

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին:


© 2009 ARMENPRESS.am