Հիանալի ելույթով հանդես եկած երիտասարդները Ֆինլանդիայի միջազգային մրցությում արժանացել են Գրան Պրիի

12:58, 16 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի երիտասարդ երաժիշտներ Արմեն Պուչինյանի և Արթուր Գրիգորյանի դաշնամուրային դուետը Ֆինլանդիայում կայացած 2-րդ WPTA միջազգային մրցույթում արժանանացել է Աբսոլյուտ մրցանակին (Գրան պրի)։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Պ Ի Չայկովսկու անվան դպրոցի սան Արմեն Պուչինյանը նշեց, որ մրցույթին մասնակցել են շուրջ 40 երկրի երաժիշտներ Կանադայից, Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, Հունաստանից, Ճապոնիայից, Ուկրաինայից, Շվեյցարիայից, Շվեդիայից, Իտալիայից, Թուրքիայից, Բրազիլիայից և մի շարք այլ երկրներից։

«Մրցույթն առցանց է իրականացվել՝ ելնելով նոր տիպի կորոնավիրուսի պատճառով աշխարհում տիրող իրավիճակից։ Անց է կացվել 1 փուլով, մենք Հայաստանից տեսաձայնագրություն էինք ուղարկել Ֆինլանդիա, ինչից հետո այնտեղ ժյուրիի անդամները ընտրել են հաղթողներին։ Շատ պատահական իմացա, որ մենք հաղթել ենք․ առավոտյան ուղղակի «Ֆեյսբուք»-ի իմ էջն էի թերթում և հանկարծ տեսա, որ WPTA միջազգային մրցույթի էջում դրված են մրցանակակիրների անունները։ Սկզբում բացեցի այնտեղ տեղադրված նկարները, կար 3 անուն՝ բայց չկային իմ և Արթուրի անունները, նեղվեցի»,- նշեց Արմենը։

Այդպես տխուր Արմեն Պուչինյանը, այնուամենայնիվ, սկսել է թերթել մրցույթի էջը և հայտնաբերել, որ այդ 3 անունը եղել է 2 արծաթե և 1 բրոնզե մեդալակիրների անունները, իսկ իրենք արժանացել են ամենաբարձր մրցանակին՝ Գրան Պրիին։

Պուչինյանն այդ պահին արագ վազել է ծնողների մոտ, կիսել իր ուրախությունը, ապա զանգել Արթուրին, ինչպես նաև իրենց ուսուցիչ Արմեն Բաբախանյանին և հայտնել լավ լուրը։

Լիլիթ Դեմուրյան


© 2009 ARMENPRESS.am