Բանկերը հետաձգել են 550 հազար ֆիզիկական և 17 հազար 400 իրավաբանական անձի վարկի մարում

14:55, 15 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան բանկերը կորոնավիրուսի իրավիճակի պայմաններում հետաձգել են 550 հազար ֆիզիկական անձի և 17 հազար 400 իրավաբանական անձի վարկի մարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«550 հազար ֆիզիկական անձի և 17 հազար 400 իրավաբանական անձի վարկ հետաձգվել է: Հետաձգված գումարները մոտ 100 մլրդ դրամի կարգի են»,-ասաց ԿԲ նախագահը:

Կառավարության օժանդակության ծրագրերից մեկը հենց գյուղատնտեսության օժանդակության ծրագիրն էր: Բավարարված վարկային հայտերի ծավալը 2-րդ միջոցառմամբ կազմել է մոտ 17 մլրդ դրամ:

Կորոնավիրուսի իրավիճակով պայմանվորված՝ արտակարգ դրության ընթացքում առևտրային բանկերը պետք է անհատական մոտեցում ցուցաբերեին հաճախորդներին՝ վարկային պարտավորությունների համար:

Աննա Գրիգորյան


© 2009 ARMENPRESS.am