ՀՀ-Արցախ անցակետերում մեծ է բուժսանիտարական հենակետերի դերը

15:49, 13 Հունիս, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում կարեւորվում է ՀՀ-Արցախ անցակետերում բուժսանիտարական հենակետերի դերը։ Այն առավել կատարելագործելու նպատակով՝ շուտով տեղերում կիրականացվի այցելուների թեսթավորում, որը կկատարեն տեղում հերթապահող բուժքույրերը։ Այս նկատառումով երեկ «Արցախ Բունիաթյանի անվան Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՊՈԱԿ-ում կազմակերպվել էր դասընթաց հերթապահություն կատարող բուժքույրերի համար։

Բուժմիավորման գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանը տեղեկացրեց՝ Քաշաթաղի շրջանում թեսթավորում կկատարվի «Աղավնո» եւ «Խնձորեսկ» անցակետերում, որոնք գործում են մարտի կեսերից։ Դասընթացները բուժքույրերի համար անցկացրեցին ԱՀ «Հանրապետական բժշկական կենտրոնի» գործադիր տնօրենի տեղակալ Արեւհատ Ալեքսանյանը, լաբորատորիայի բաժնի բժիշկ Լարիսա Պետրոսյանը եւ նույն բաժնի բուժքույր Ռիմա Հարությունյանը։ Պահպանելով համավարակի տարածումը կանխարգելող կանոնակարգը՝ բանախոսները ներկայացրեցին թեսթավորման աշխատանքը, կանոնները։ Օրվա ընթացքում հանրապետական բժշկական կենտրոնի մասնագետներն աշխատեցին նաեւ շրջանի զորակոչիկների հետ։

Կ. Գրիգորյանը տեղեկացրեց՝ այս տարի առաջին անգամ շրջանային բուժմիավորումում աշխատեց զորակոչային հանձնաժողովը, եւ բոլոր զորակոչիկները բուժզննում անցան Բերձորում։ Շրջանային բուժմիավորումը համալրված չէ բոլոր մասնագետ-բժիշկներով, ուստի ԱՀ առողջապահության նախարարությունը մասնագետներ էր գործուղել Բերձոր Ստեփանակերտից ու Շուշիից։ Հանձնաժողովի աշխատանքի ընթացքում առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկներին տրվեցին ուղեգրեր՝ հետագա բուժում ստանալու նպատակով։ Եվ երեկ ԱՀ առողջապահության նախարարության ու Քաշաթաղի շրջանային բուժմիավորման համատեղ որոշմամբ, նույն զորակոչիկները, որպեսզի չհասնեին Ստեփանակերտ, Բերձորում՝ շրջանային բուժմիավորումում, համապատասխան բժիշկ-մասնագետների մոտ անցան երկրորդ բուժզննումը, հանձնեցին արյան անալիզ եւ թեսթավորվեցին հանրապետական բժշկական կենտրոնի մասնագետների կողմից։

Դասընթացներին մասնակից բուժքույրերը ներկա էին թեսթավորման աշխատանքներին։ Կ. Գրիգորյանը գոհունակություն հայտնեց կատարված աշխատանքի համար, շնորհակալություն հայտնեց ԱՀ առողջապահության նախարարությանը՝ բուժմիավորմանը մշտապես աջակցելու համար։ Քաշաթաղի շրջանային զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը տեղեկացրեց՝ այս բուժզննման արդյունում կպարզվի՝ որ զորակոչիկներն այլեւս առողջական խնդիր չունեն եւ հուլիսին կհամալրեն բանակ մեկնող զորակոչիկների շարքերը։ Հույս հայտնեց՝ առողջական խնդիրներ ունեցողներ քիչ կլինեն։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

«Հայաստանի Հանրապետություն»


© 2009 ARMENPRESS.am