Իրանում հայկական եկեղեցու տարածքում բռնկված հրդեհը մարվել է. տուժածներ չկան

15:12, 13 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության Համադան քաղաքի հայկական Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում բռնկված հրդեհը չի վնասել եկեղեցու պատմական շինությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Alikonline.ir-ը, վկայակոչելով ԻՍՆԱ լրատվական գործակալության տվյալները:

Հունիսի 12-ին, ժամը 00:14-ին եկեղեցու հարակից տարածքում հրդեհի բռնկման մասին ահազանգ է ստացել Համադան քաղաքի թիվ 18 հրշեջ կայանը: Դեպքի վայր են մեկնել նույն կայանի աշխատակիցները, ինչպես նաև Համադանի կենտրոնական հրշեջ ծառայության փրկարարները, որոնց էլ հաջողվել է մեկուսացնել բռնկված հրդեհը՝ 1 ժամ տևողությամբ հրդեհաշիջման աշխատանքներից հետո:

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ հրդեհաշիջման աշխատանքների սահուն իրականացումը, և դրա արդյունքում պատմական շինությանը վնասներ չհասցվելու փաստը պայմանավորված է փրկարարական թիմերի արագ արձագանքման և գործողությունների հրատապ կազմակերպման իրողությամբ:

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, իսկ հրդեհի առաջացման պատճառը հարակից խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհն է եղել, որն էլ տարածվել է՝ հասնելով եկեղեցու շինությանը, որի արդյունքում մասամբ այրվել է եկեղեցու ֆասադը, սակայն ոչ պատմական շինությունը:


© 2009 ARMENPRESS.am