Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 723 դեպք, բուժվել է 442-ը․ Փաշինյանը դառնացած է նման իրավիճակից

11:17, 13 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է նոր տիպի կորոնավիրուսի 723 նոր դեպք, մահացել է 6, բուժվել՝ 442 քաղաքացի։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Ես պետք է անկեղծ ասեմ, որ դառնացած եմ։ Այսօր աշխատանքի եմ եկել Սևանից և մեքենայի պատուհանից երևում էր, որ մարդիկ շարունակում են չպահպանել հակահամաճարակային կանոնները։ Դրանցից ամենաբացահայտը դիմակ չկրելն է։ Ես սկսել եմ մտածել, որ այս խնդիրն արդեն դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակներից, արդեն մեր հանրային վարքագիծը պետք է փորձել հասկանալ այլ տեսանկյունից»,- նշեց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ մեքենայով աշխատանքի գնալիս, նկատել է փողոցով քայլող մարդկանց, որոնք դիմակ չեն կրել, և իր մոտ տպավորություն է ստեղծվել, թե նրանք գնում են դեպի վերակենդանացման բաժանմունք։

«Վերջին օրերին ես այցելել եմ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, երկու տեղերում էլ եղել եմ վերակենդանացման բաժանմունքներում։ Ինձ մոտ այսօր այնպիսի զգացողություն էր, որ փողոցով քայլող այդ մարդիկ գնում էին դեպի վերակենդանացման բաժանմունք: Ուզում էի մեքենայից իջնել, ասել` հարգելիս, ուր ես գնում, ասել կանգ առեք, ժողովուրդ ջան, էսպես մենք գնում ենք դեպի շատ-շատ վատ տեղ»,- նշեց Փաշինյանը:

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հունիսի 13-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ։


Լիլիթ Դեմուրյան


© 2009 ARMENPRESS.am