ՍԱՏՄ-ն կմասնակցի Գյումրիում ստեղծվող ԱՏԳ սպասարկման կենտրոնի աշխատանքներին

20:50, 12 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) մասնակիցների սպասարկման կենտրոնների կառուցման համատեքստում՝ հունիսի 12-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գյումրու մարզային կենտրոնում տեղի է ունեցել խորհրդակցություն տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի, ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանի, ինչպես նաև սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի աշխատակիցների մասնակցությամբ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Գյումրիում նախատեսվող ԱՏԳ կենտրոնի ստեղծման աշխատանքները մեկնարկել են, և այդ աշխատանքների մասնակից է նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Այն աշխատելու է «մեկ կանգառ մեկ պատուհան» սկզբունքով, որն այսուհետև ծառայություններ կմատուցի արդիականացված ու բարելավված պայմաններում. Գյումրիում կգործի հատուկ նմուշառման բաժին:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են աշխատակիցների մասնագիտական պարտականությունները, նրանց ներկայացվող պահանջները, կառուցվածքային առանձնահատկությունները: Տեսչական մարմնի ղեկավար Գ. Ավետիսյանը խոսել է կենտրոնները համապատասխան մասնագետներով համալրելու և նրանց մասնագիտական որակներն ապահովելու և պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտության համար:

Սա կարևոր  նախագիծ է՝ հաշվի առնելով, որ Գյումրին,  աշխարհագրական դիրքով պայմանավորված, ունի բեռնափոխադրման մեծ հոսք, և պետք է ապահովված լինեն բոլոր այն պայմանները, որոնք տնտեսավարողներին հնարավորություն կտան ներմուծման-արտահանման գործընթացներն իրականացնել առավել արագ և առանց լրացուցիչ խոչընդոտների:


© 2009 ARMENPRESS.am