Վարչապետը կոչ արեց ձևավորել միջավայր, որտեղ ամոթ կլինի հակամահաճարակային կանոնները չպահպանելը

13:34, 12 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ ամոթ կլինի կորոնավիրուսի հակահամաճարակային կանոնները չպահպանելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկման ընթացքում:

«Հայաստանում պետք է սկսվի հակահամաճարակային շարժում: Ես ինքս պարտավորվում եմ անվերապահ ճշգրտությամբ պահպանել հաստատված բոլոր կանոնները: Պետք է ձևավորել այնպիսի միջավայր, որ այդ կանոնների չպահպանելը լինի ամոթ, հանրային իմաստով մեկուսացման վկայություն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ կորոնավիրուսը մեկ շաբաթվա, մեկ տարվա խնդիր չէ և պետք է հարմարվել նոր իրողություններին:

«Միասին կկարողանանք հաղթահարել այս ճգնաժամն ու ապահովել մեր հայրենիքի, ժողովրդի, երկրի կենսունակությունը»,- նշեց վարչապետը:

Հայաստանում հունիսի 12-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15 281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298  պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 77 686  թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 258 դեպք: Արձանագրվել է մահվան 86 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am