Թել Ավիվում ՀՀ դեսպանության բացումը չի կարող խաթարել հայ-իրանական հարաբերությունները․ ՀՀ դեսպան

16:11, 11 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանը հունիսի 10-ին հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարության Կովկասի վարչության պետ Մոհսեն Ֆաղանի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Իրանում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ում տարածած հաղորդագրությունից, դեսպան Թումանյանը Մոհսեն Ֆաղանիին տեղեկություններ է ներկայացրել Իրանում ՀՀ դեսպանության առջև հունիսի 9-ին տեղի ունեցած բողոքի հավաքի մասին:

Մոհսեն Ֆաղանին, նշելով Թել Ավիվում ՀՀ դեսպանության բացման կապակցությամբ որոշակի դժգոհությունների մասին, վստահություն է հայտնել, որ այն չի կարող խաթարել երկու երկրների հարաբերությունները:

ՀՀ դեսպանը հիշեցրել է, որ  մարտի 15-ին ԻԻՀ ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ալի Հաղիղիանի հետ հանդիպման ժամանակ հանգամանորեն ներկայացվել են Թել Ավիվում ՀՀ դեսպանության բացման հիմնական նպատակները` երկկողմ փոխշահավետ հարաբերությունների զարգացում, Մերձավորարևելյան տարածաշրջանում Հայաստանի ներկայացվածության ամրապնդում և Երուսաղեմում հայ պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանություն:

Կապված Ֆաղանիի դիտարկման հետ առ այն, որ որոշ շրջանակներում կարող են մտահոգություններ լինել Իրանի հարևան երկրում Իսրայելի ազդեցության ուժեղացման առնչությամբ՝ դեսպան Թումանյանը նշել է, որ երբևէ Հայաստանը չի ընդգրկվել հակաիրանական որևէ քաղաքական նախագծի մեջ և այսուհետ ևս բացառվում է իրադարձությունների նման ընթացքը:

ՀՀ դեսպանը ընդգծել է, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:

Ֆաղանին իր համաձայնությունը հայտնել է ՀՀ դեսպանի բազմիցս արտահայտած այն դիրքորոշմանը, որ Հայաստան-Իրան հարաբերությունները երկուստեք պայմանավորված չեն երրորդ երկրների հետ ունեցած հարաբերություններով:

Ֆաղանին հստակ կերպով ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Նա նշել է, որ իրանական կողմը շարունակում է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով արդյունավետ կերպով համագործակցել Հայաստանի հետ և հույս հայտնեց, որ համավարակի հաղթահարումից հետո կկայանան արդեն պայմանավորված բարձր մակարդակի հանդիպումները: Նա գոհունակությամբ նշեց, որ համավարակի պայմաններում երկու երկրները շարունակում են պահպանել համագործակցության բարձր մակարդակը:

Զրուցակիցներն անդրադարձել են տնտեսական (այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում), մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության հետագա ակտիվացման անհրաժեշտությանը, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի ամրապնդման խնդիրներին:

2019 թվականի սեպտեմբերի 19-ի նիստում Հայաստանի կառավարությունը որոշում էր ընդունել Իսրայելի Պետությունում՝ Թել Ավիվում, ՀՀ դեսպանություն ստեղծելու մասին:


© 2009 ARMENPRESS.am