Մոտ մեկուկես հարյուրյակ սուբվենցիոն ծրագրեր առկախվել են. որոշ աշխատանքներում եղել են թերություններ

11:22, 10 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2019 թվականի համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերից 148-ը առկախվել և պայմանագրերի ժամկետները երկարաձգվել են:

«Արմենպրես»հաղորդմամբ՝ ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանն այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով նաև պատճառը:

«2019-ին ենթակառուցվածքների զարգացման նպատակով օգտագործվել է մարզերին հատկացված սուբվենցիաների 69.5 տոկոսը՝ 6.4 մլրդ դրամ: Եվ միջոցառման շրջանակում 2019-ին նախատեսված 259 համայնքից փաստացի սուբվենցիա է ստացել 248 համայնք: Եղանակային պատճառներով պայմանավորված չավարտված և առկա շինարարական թերությունների վերացման համար թվով 148 սուբվենցիոն ծրագրեր ախկախվել են  և դրանց պայմանագրերի ժամկետները երկարաձգվել մինչև 2020 թվականի օգոտոսի 1-ը: Այժմ այդ աշխատանքներն ընթանում  են»,-ասաց Պապիկյանը:

Պատգամավորը Եղիշե Սողոմոնյանը հետաքրքրվեց, թե որն է ցածր կատարողականի պատճառը:

Նախարարն արձագանքեց՝ 2019-ին բացառությամբ մի քանի նորակառույց մանկապարտեզների, որոնց շինարարությունը հնարավոր չէր կարճ ժամանակում իրականացնել, մնացածն ունեցել են այլ պատճառներ՝ որակական խնդիրներ: «Եվ այդ որակով շինարարության ընդունումը մեր կողմից անընդունելի էր: Եվ հիմա շինարարներին հնարավորություն է տրվել ընթացիկ տարում նրանք, ովքեր ունեն անավարտ շինարարություն, ավարտել, իսկ ովքեր ունեն թերություններ, շտկել թերությունները և մինչև օգոստոսի 1-ը ներկայացնել վերջնական կատարողականը, որի արդյունքում 2019-ի առկախված ֆինանսավորումը կկատարվի»,-վստահեցրեց նախարարը:

Աննա Գրիգորյան


© 2009 ARMENPRESS.am