COVID-19-ի դեմ պայքարին միանալու նախարարության կոչին արձագանքել է 123 մասնագետ. նաև բժիշկ արտերկրից

17:57, 8 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության՝ մայիսի 18-ին կորոնավիրուսի դեմ պայքարում իրենց միանալու կոչից հետո մինչ օրս նախարարություն է դիմել 123 մասնագետ: Նրանց թվում են նաև բժիշկներ, որոնք Հայաստան են ժամանել արտերկրից:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, մայիսի 18-ից մինչև հունիսի 8-ը դիմել է 123 մարդ՝ 26 բժիշկ, 40 բուժքույր, 24 կլինիկական օրդինատոր, 14 մայրապետ, 19 այլ` ոչ բժշկական մասնագետ: Բժիշկներից 5-ը անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ են: Նրանցից  3-ն արտերկրից են:

Արտասահմանից Հայաստան ժամանած ռեանիմատոլոգներից է Արսեն Մանուկյանը, որն աշխատում է Գերմանիայի լավագույն հիվանդանոցներից մեկում: Այս մասին «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել օգտատեր Գևորգ Թամամյանը՝ նշելով, որ ժողովուրդը պետք է ճանաչի իր իսկական հերոսներին:

Նա շեշտել է, որ Արսեն Մանուկյանը ներկայումս բուժում է կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր հիվանդներին:

Բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Արսեն Մանուկյանի լուսանկարը և գրել, որ նա ԵՊԲՀ-ի լավագույն շրջանավարտներից է եղել:

«ԵՊԲՀ շրջանավարտ, որն իր Alma Mater-ի անունը բարձր է պահում թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս»,-գրել է նա:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ  կորոնավիրուսի դեմ պայքարում ունեն տարբեր մասնագետների աջակցության կարիք, իսկ ապրիլի 1-ին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեսյսբուք»-ում գրառում էր կատարել՝ շեշտելով, որ որ կորոնավիրուսի դեմ պայքարում առողջապահական ենթահամակարգին անհրաժեշտ են ընդհանուր կամ թերապևտիկ պրոֆիլի բժիշկներ, լաբորատոր գործ մասնագիտությամբ բժիշկներ, ռեանիմատոլոգներ, բուժքույրեր, մայրապետեր:

Անժելա Համբարձումյան


© 2009 ARMENPRESS.am