Հայաստանում մեկ տարվա ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,8%-ով

16:05, 5 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում 2019 թ. գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը 2018 թ. թվի համեմատ աճել է 8,8%-ով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը:

«2019 թ. Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,8%-ով կամ 2172 դեպքով: 2018 թ. արձանագրվել է 24 678 դեպք, 2019 թ.՝ 26 850 դեպք: Գողությունների թվաքանակն ավելացել է 1 881 դեպքով»,- ասաց Սարգսյանը:

Ոստիկանապետը նշեց, որ քաղաքացիները 2019 թ. ցուցաբերել են բավականին մեծ ակտիվություն:

«Եթե 2018 թ. ընթացքում քաղաքացիներից ստացվել է 203 հազար 539 առերևույթ հանցագործության մասին հաղորդում, ապա 2019 թ. ընթացքում այդ թիվն ավելացել է 21,1%-ով, կազմելով 246 հազար 421»,- նշեց Ոստիկանության պետը:

ՀՀ ոստիկանությունը 2019 թ. իրեն հատկացված պետական բյուջեի միջոցներից 4,2 միլիարդ դրամի խնայողություն է կատարել:

Հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am