Ոստիկանության ծառայողների 2019 թ. միջին աշխատավարձը կազմել է 279,7 հազար դրամ

15:49, 5 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության ծառայողների միջին աշխատավարձը 2019 թ. ընթացքում կազմել է 279,7 հազար դրամ՝ ներառյալ պարգևատրումները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը:

«Ոստիկանության ծառայողների 2019 թ. միջին աշխատավարձը, ներառյալ պարգևատրումները, կազմել է 279,7 հազար դրամ, այդ ցուցանիշը 2018 թ. ցուցանիշին գերազանցել է 51,9 հազար դրամի չափով կամ առնվազն 23%-ով»,- ասաց Սարգսյանը:

ՀՀ ոստիկանությունը 2019թ. իրեն հատկացված պետական բյուջեի միջոցներից 4,2 միլիարդ դրամի խնայողություն է կատարել:

Հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am