Տաթևիկ Հայրապետյանն Ադրբեջանի ղեկավարների ռազմատենչ կոչերը ներքին լսարանին ուղղված քայլ է համարում

13:49, 5 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը չի կարծում, որ Ադրբեջանի ղեկավարությունը պատերազմական կոչեր հնչեցնելուց զատ կգնա նաև ռազմական գործողություններ սկսելու արկածախնդրության:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայրապետյանն ասաց խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում` նշելով, որ այդ հայտարարություններն ուղղված են ներքին լսարանը երկրում առկա այլ թեմաներից շեղելուն:

«Բոլոր ռիսկերով հանդերձ, Ադրբեջանի նախագահի, Պաշտպանության նախարարի ու խորհրդարանում քննարկվող կոչերը ներքին լսարանին ուղղված կոչեր են, քանի որ Ադրբեջանը կարանտինային խիստ ռեժիմի է անցել, դիմակ չկրելու համար մարդիկ են տուգանվում: Այս պահի դրությամբ չեմ կարծում, որ Ադրբեջանը նման արկածախնդրության կգնա»,- ասաց Հայրապետյանը:

Պատգամավորը նշեց, որ Ադրբեջանի կողմից հնչող այս կոչերն անպատասխան չեն մնալու:

Ադրբեջանի կողմից հնչող կոչերին հունիսի 4-ին արձագանքել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը. «Ինչքան էլ որ հայերի դեմ ատելության քարոզը և պատերազմի սպառնալիքները միտված լինեն ներքին լսարանին, ադրբեջանական իշխանական տարբեր օղակների ռազմատենչ հայտարարությունները լրջորեն վնասում են խաղաղ գործընթացին և մատնանշում, որ ոչ թե Ադրբեջանի ժողովուրդը, այլ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության»:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am