Պարետատունը դիտարկում է միջազգային գործընկերներին աջակցության հարցով դիմելու հնարավորությունը
20:38, 4 Հունիս, 2020ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի դեմ պայքարում առանցքային կարևորություն ունի միջազգային համագործակցությունը: Հայաստանի պարագայում նմանօրինակ համագործակցությունն ուղղված է թե՛ փորձի փոխանակմանը, թե՛ պայքարի համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման աշխատանքների համակարգմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Այս առումով հանրությունը մշտապես պատշաճ կարգով տեղեկացվել է ինչպես մեր գործընկերների հետ տարվող աշխատանքների, այնպես էլ՝ միջազգային համագործակցության շրջանակներում Հայաստանի առողջապահական համակարգի համար պետության կողմից ձեռք բերված և գործընկերների կողմից Հայաստանին նվիրաբերած միջոցների մասին:
Բնականաբար, պարետատան կողմից դիտարկվում են տարբեր սցենարներ, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերներին աջակցության հարցով դիմելու հնարավորությունը, որի կարիքն այժմ գնահատվում է»,- գրել է նա։
© 2009 ARMENPRESS.am