Գույքահարկի մասին օրենքում փոփոխությունների օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

18:08, 3 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության հեղինակած օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 106 «կողմ» ձայնով:

Ազգային ժողովում նախագծի ներկայացման ընթացքում Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշել էր, որ պաշտպանության բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել գույքահարկի արտոնություններից օգտվող զինծառայողների կողմից սահմանված իրավունքի իրացման անխոչընդոտ գործընթացը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է զինվորական ծառայությունը կարգավորող և 2017թ. դեկտեմբերին ուժի մեջ մտած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում օգտագործվող ձևակերպումները «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում իրացնելու և գույքահարկի արտոնություն ունեցող զինծառայողների շրջանակը հստակեցնելու հանգամանքով: Դրույթներից մեկով` այդ արտոնությունների կիրառման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am