Նախատեսվում է փոփոխել ՍԴ դատավորի ընտրության համար նախատեսված կարգավորումները

17:46, 3 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերում փոփոխությունների փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաթեթը հեղինակել է խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է փոփոխել Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության համար նախատեսված կարգավորումները: Առաջարկվում է խորհրդարանին հնարավորություն տալ, անհրաժեշտության դեպքում, ՍԴ դատավորի ընտրությունները կազմակերպել նաեւ արտահերթ նիստում:

Քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցույթան պատգամավոր Շաքե Իսայանը հայտնեց, որ իրենց խմբակցույթան կարծիքով, նախատեսվող փոփոխությունների կարիքը չկա, և իրենք դեմ են քվեարկելու օրինագծին:

Օրենքների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 81 «կողմ» և 19 «դեմ» ձայներով:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am