ՕԽ-ի և Պարալիմպիկ խաղերի բացման և փակման արարողությունները չեն լինի համատեղ

17:43, 3 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները բացառում են ՕԽ-ի և Պարալիմպիկ խաղերի բացման և փակման արարողության համատեղ անցկացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է խաղերի մամուլի ծառայությունը: Ըստ կազմակերպիչների, լուրեր կային, որ կազմակերպման ծախսերը կրճատելու նպատակ հնարավոր էր երկու խաղերի բացման ու փակման արարողություններն անցկացնել համատեղ` խնայելով մոտ 119 միլիոն դոլար: Սակայն թե Միջազգային օլիմպիական կոմիտեն և թե Միջազգային պարալիմպիկ կոմիտեն կողմ են առանձին արարություններին:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:  

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am