Խորհրդարանը քննարկեց քրգործով իրեղեն ապացույցներն այլ երկիր փոխանցելը կարգավորող արձանագրությունը

16:49, 3 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը քննարկեց «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը:

«Արձանագրության նպատակն է խորացնել համագործակցությունը թմրանյութերի և զենքի անօրինական շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման և քննության գործում, ինչպես նաև սահմանել քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրանյութերի և զենքի փոխանցման կարգ»,- ասաց Եսայանը:

Արձանագրության շրջանակներում կողմերը` Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ադրբեջանը համագործակցում են իրեղեն ապացույցների փոխանցման հարցերում, որն իրականացվում է Կողմերի իրավասու մարմինների հարցումների հիման վրա: Կողմերի իրավասու մարմիններն ուղարկում, ստանում են հարցումներ, կազմակերպում են դրանց օպերատիվ և պատշաճ կատարումը: Իրավասու մարմինների ցակը սահմանում է յուրաքանչյուր Կողմը: Հարցման կատարումը կարող է ամբողջությամբ կամ մասամբ մերժվել, եթե հարցում ստացող Կողմը ենթադրում է, որ դրա կատարումը կարող է վնաս հասցնել իր պետական շահերին կամ հակասում է իր ազգային օրենսդրությանը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության եզրակացության համաձայն` արձանագրության վավերացումը` ՀՀ վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

Արձանագրությունը ստորագրվել է 2017թվականին:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am