Մասնագետը Հայաստանում տարեկան 100 հազար տոննա մաքուր պղինձ արտադրելու մեծ պոտենցիալ է տեսնում

16:48, 2 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Լեռնամետալուրգիական և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի դոկտոր պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյանը վստահ է, որ Հայաստանը հումք արտահանող երկրից կարող է դառնալ վերջնական արտադրանք արտահանող երկիր, մասնավորապես` նա Հայաստանում տեսնում է տարեկան 100 հազար տոննա մաքուր պղինձ արտադրելու պոտենցիալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանը նման տեսակետ հայտնեց Տնտեսական լրագրողների ակումբի կողմից կազմակերպված «Ընդերքօգտագործման հիմնախնդիրները և հանքարդյունաբերության հեռանկարները» թեմայով առցանց քննարկմանը:

«Մենք այսօր միայն խտանյութ ենք արտադրում, մինչդեռ հանրապետությունը կարող է արտադրել մաքուր պղինձ: Ինչպես եղել է Խորհրդային միության ժամանակ, կարող է լինել կաբելների արտադրություն: Ունենք այդ պոտենցիալն ընդերքում, խտանյութ ունենք, և ամենահամեստ հաշվարկներով՝ տարեկան 100 հազար տոննա մաքուր պղինձ արտադրելու հնարավորություն ունենք»,-ասաց Հովհաննիսյանն ու միևնույն ժամանակ նշեց, որ կա նաև բնապահպանական լուրջ խնդիր, որը պետք է լուծվի:

Անդրադառնալով հարցին՝ իրատեսակա՞ն է, որ Հայաստանը լինի ոչ թե հումք, այլ վերջնական արտադրանք արտահանող՝ նա ասաց, որ դա ամենաակարևոր խնդիրներից մեկն է: «Ունենք գիգանտներ պղնձի մասով, հաշվարկներ կան, պետական դրամաշնորհով աշխատանք ենք կատարել Պոլիտեխնիկական համալսարանում: Մենք ունենք հանքաքարի մեծ պաշարներ, հատկապես խոսքը վերաբերում է Քաջարանին և Թեղուտին, նաև Արցախի Կաշենին»,-ասաց Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով՝ հնարավոր կլինի դրա շնորհիվ զարգացնել տնտեսության այլ ճյուղեր՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, բարձր արժեքով արտադրանք տալ: Բայց նկատեց նաև, որ չափազանց դժվար խնդիր կա՝ արտանետումները, բնապահպանական խնդիրները: Մասնագետը պետական միջամտություն, պետական ծրագրի անհրաժեշտություն է տեսնում:

«Բացի այդ կարող ենք կապարի, ցինկի արտադրություն հիմնել: Ռազմարդյունաբերություն ունենք, հետևաբար՝ մաքուր կապարի արտադրությունը մեզ համար նույնպես շատ կարևոր է»,-ասաց Հովհաննիսյանն ու նշեց՝ երկիրը պետք է հարստանա, որ կարողանա շատ բնապահպանական խնդիրներ լուծել:

Աննա Գրիգորյան

 


© 2009 ARMENPRESS.am