ՀՀ պատվիրակությունն Արցախ էր այցելել միայն թեստ հանձնելուց և բացասական արդյունքից հետո 

17:41, 1 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը հերքում է տարածվող լուրերն, իբր, վարչապետն ու տիկինն Արցախ են մեկնել կորոնավիրուսով վարակված և կարող էին երդմնակալությանը վարակել այլ անձանց։ Այս մասին Հասմիկ Հարությունյանը նշել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։

-Այսօր առավոտյան, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր և ընտանիքի անդամների թեստի պատասխանը դրական է, տարբեր շրջանակներ լուրեր տարածեցին, թե վարչապետը և տիկինն Արցախում Արայիկ Հարությունյանի երդմնակալության ժամանակ արդեն վարակված են եղել և չի բացառվում, որ կարող էին վարակել նաև երդմնակալության հյուրերին։

-Նախ, Արցախ այցելած ՀՀ Կառավարության պատվիրակության բոլոր անդամները մինչ մեկնելը թեստ են հանձնել։ Արցախ մեկնել են միայն բացասական թեստ ունեցող աշխատակիցները։ Նշեմ նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար է թեստ հանձնում։ 

Ինչ վերաբերում է երդմնակալությանը, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն Արցախում ամենասերտ շփումներն ունեցել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և նրա ընտանիքի անդամների հետ։ 

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ  Արայիկ Հարությունյանը և նրա ընտանիքի անդամները թեստ են հանձնել, որի պատասխանը եղել է բացասական։  

Հետևաբար, տարածվող տեղեկությունը, որ վարչապետը կամ տիկինը Արցախում եղել են վարակված կամ կարող էին որևէ մեկին վարակել, հերթական ապատեղեկատվությունն է։  

ՀՀ վարչապետի ու նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է։  


© 2009 ARMENPRESS.am