Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

13:18, 1 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունիսի 2-ից 96 ժամով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի և Կարմիր կամուրջ- Բերդ մայրուղային գազատարի վրա նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

«Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: 1992 թվականին շահագործման հանձնելուց ի վեր՝ շուրջ 28 տարի, Կարմիր կամուրջ-Բերդ մայրուղային գազատարի զննման և անհրաժեշտ շահագործման ու տեխնիկական սպասարկման աշխատանքներ հնարավոր չի եղել իրականացնել:

Հայ-վրացական միջկառավարական պայմանավորվածությունների ադյունքում վերը նշված ժամանակահատվածում մայրուղային գազատարների վրա կկատարվեն մասնակի վերանորոգման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am