Շարժական մամոգրաֆը Հայաստանում է․առաջիկայում կսկսվի կրծքագեղձի քաղցկեղի ազգային սքրինինգային ծրագիր

13:25, 28 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում մոտ մեկ ամսից կսկսվի կրծքագեղձի քաղցկեղի ազգային սքրինինգային ծրագիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մեր մամոգրաֆը վերջապես ժամանեց Իտալիայից։ Մոտ մեկ ամսից կսկսենք կրծքագեղձի քաղցկեղի ազգային սքրինինգային ծրագիրը, որը կհամակարգվի Առողջապահության նախարարության Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից»,- նշել է Թորոսյանը։

Նա հայտնել է, որ առաջին մարզը կլինի Լոռին, իսկ ծրագրի մեկնարկին մոտ կհայտնեն դրա բոլոր մանրամասները։ Հայաստանի մարզերում կիրականացվեն կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ։ Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա 50-69 տարեկան կանանց անցնել մամոգրաֆիայի անվճար հետազոտություն՝ կանխարգելելով հիվանդությունը:

Լիլիթ Դեմուրյան


© 2009 ARMENPRESS.am