Պարետատունը քննարկում է գրադարաններն այցելուների համար բացելու հնարավորությունը

18:52, 27 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետատունը քննարկում է գրադարաններն այցելուների համար բացելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 27-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանի հարցին:

«Մենք պարետատան հետ պարբերաբար քննարկում ենք կրթական, մշակութային հաստատությունների հետ կապված հարցերը: Հիմա գրադարանների բացվելու հնարավորությունը քննարկման փուլում է»,- ասաց Հարությունյանը:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նորայր Շողիկյան

 


© 2009 ARMENPRESS.am