Արայիկ Հարությունյանն անդրադարձավ Ազգային գրադարանի թվայնացված նյութերի կորստի մասին լուրերին

18:12, 27 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի ազգային գրադարանում թվայնացված նյութերի կորուստ չի եղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հարությունյանն ասաց մայիսի 27-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանի հարցին:

«Թվայնացված նյութերի կորուստ չի եղել, հրդեհ էլ չի եղել: Պարզապես որոշ սարքերի, ամենայն հավանականությամբ, կարճ միացում է եղել: Այժմ երեք սերվեր վերականգնվել է ու պարզվել է, որ վնաս չկա»,- ասաց Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ տնօրինության հավաստմամբ՝ հաջորդ շաբաթ նյութերը կսկսեն հասանելի դառնալ հանրությանը:

Հայաստանի Ազգային գրադարանի ընթերցողները մայիսի 9-ից  չեն կարողանում մուտք գործել գրադարանի կայք, որից  անվճար հնարավոր է օգտվել բոլոր օրերին: Հետևորդների մտահոգությանն ի պատասխան Հայաստանի Ազգային գրադարանը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում տեղեկացրել էր, որ գրադարանի առցանց էլեկտրոնային շտեմարանները ժամանակավորապես անհասանելի են տեխնիկական խնդիրների պատճառով, և մասնագետներն աշխատում են սեղմ ժամկետում վերականգնել: Այնուամենայնիվ, համացանցում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ  գրադարանի թվայնացված ամբողջ արխիվը ոչնչացել է հրդեհի հետևանքով, արխիվ, որի ստեղծման վրա տասնյակ տարիներ աշխատել են բազմաթիվ մասնագետներ:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am