Փոխվարչապետը խնդիր է արձանագրում չձակերպված աշխատողներին նույնականացնելու ու օժանդակելու գործում

16:56, 27 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խնդիրներ է արձանագրում այն դեպքերում, երբ կառավարությունը ցանկանում է նույնականացնել ու սոցիալական օժանդակություն ցույց տալ չձևակերպված աշխատողներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գրիգորյանն ասաց Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանի հարցին:

«Չձևակերպված աշխատանքը խնդիր է այն դեպքերում, երբ ուզում ենք անձին նույնականացնել ու սոցիալական օժանդակություն իրականացնել: Այնուամենայնիվ, մի քանի միջոցառումներով իրենց ևս օժանդակություն ցույց տվեցինք, մասնավորապես՝ 9-րդ միջոցառմամբ ու կոմունալ վճարումների երեք միջոցառումներով»,- ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետը նշեց, որ այժմ քայլեր են մտածում, որպեսզի հնարավորինս ընդլայնեն աջակցություն ստացող անձանց շրջանակը:

ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման 17 միջոցառում է հաստատել։

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am