Թունյանն առաջարկում է տնտեսավարողներին արագացված ամորտիզացիայի գործիքի հնարավորություն տալ

16:09, 27 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով թույլ է տրվում, որ տնտեսավարողը սեփական հայեցողությամբ որոշի ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն ժամկետը, կամ, այլ կերպ ասած, առաջարկվում է արագացված ամորտիզացիայի գործիք: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը Թունյանը ներկայացրեց ԱԺ մայիսի 27-ի նիստում:

 «Այսօր գործող օրենսդրությամբ, եթե տնտեսավարողը ներդրումներ է կատարում, ծախսեր անում՝ սարքեր ձեռք բերելու կամ շենք-շինություններ կառուցելու կամ ձեռք բերելու համար, նա չի կարող այդ ծախսերը միանգամից ամորտիզացնել, այսինքն՝ ծախսագրել: Կան կոնկրետ ժամկետներ, օրինակ` սարքերի, սարքավորումների համար դա 5 տարի է: Մենք այս մեխանիզմով առաջարկում ենք բոլոր այն ներդրումների համար, որոնք կկատարվեն մինչև այս տարվա ավարտը, ամորտիզացիայի ժամկետը թողնել տնտեսավարողի հայեցողությանը, և նա կարող է մեկ տարվա ընթացքում որոշել, թե ծախսագրումներն ինչպես կատարի»,-ասաց Թունյանն ու նկատեց՝ այս գործիքը որոշակի իմաստով նաև հակաճգնաժամային գործիք է:

Թունյանի կարծիքով՝ այս գործիքի արդյունավետ գործարկման շնորհիվ կարող են ակտիվանալ և խթանվել նաև տնտեսության մեջ կատարվող ներդրումները: Ֆիքսվել է, որ կարգավորումը վերաբերում է 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների, ձեռք բերվող շենք-շինությունների համար: Բացի ռեզիդենտ հարկ վճարողներից, այս արտոնությունից կարող են օգտվել նաև իրենց մշտական հաստատության միջոցով Հայաստանում գործունեություն ծավալող ոչ ռեզիդենտ ընկերությունները:

Աննա Գրիգորյան


© 2009 ARMENPRESS.am