Մոլդովան հանել է ավտոբուսային և երկաթգծային միջազգային ուղևորափոխադրումների արգելքը

12:22, 26 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովան մայիսի 26-ից հանել է ավտոբուսային և երկաթգծային միջազգային ուղևորափոխադրումների արգելքը: Այն մտցվել էր կորոնավիրոսի տարածման դեմ պայքարի շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին տեղեկությունը «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է երկրի վարչապետ Իոն Կիկուն:

Նշվում է, որ ուղևորները պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ, երկիր մուտք գործելիս նրանք կջերմաչափվեն, իսկ սրահները պետք է պարբերաբար ախտահանվեն:

Մինչև հունիսի 30-ը Մոլդովայում գործում է օտարերկրացիների մուտքի արգելքի ռեժիմը, բացառություն կլինեն տարանցիկ ուղևորափոխադրումները: Մոլդովա կկարողանան մուտք գործել Մոլդովայի քաղաքացու ընտանիքի անդամները, երկարաժամկետ այցագիր ունեցող անձինք, դիվանագետները:


© 2009 ARMENPRESS.am