Սերիա Ա-ն կարող է շարունակվել հունիսի 13-ին կամ 20-ին  

12:41, 25 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատված Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է շարունակվել հունիսի 13-ին կամ 20-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Football Italia-ն: Նման առաջարկով հանդես է եկել Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորը: Նա շեշտել է, որ իր ղեկավարած կառույցն այժմ աշխատանքներ է տանում հունիսի 13-ին կամ 20-ին առաջնությունը վերսկսելու ուղղությամբ: Ըստ նախարարի, ընթացիկ շաբաթվա մեջ վերջնականապես հայտնի կլինի Սերիա Ա-ի վերսկսման ժամկետը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին թույլատրել է վերսկսել խմբային մարզումները: Իտալական մի շարք ակումբներ` «Կալյարին», «Ատալանտան», «Միլանը», «Ինտերը», «Նապոլին», «Սամպդորիան», «Վերոնան» և «Ջենովան», չեն ցանկանում նորից մարզվել: Ակումբների ղեկավարությունը դժգոհություն է հայտնել ֆուտբոլիստների և թիմերի սպասարկող անձնակազմերի համար նախատեսված անվտանգության նորմերից, ըստ որոնց, եթե որևէ ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, ապա թիմն ամբողջապես պետք է երկշաբաթյա մեկուսացման անցնի:   

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների:  

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am