Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

10:42, 25 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 24-ին, ժամը 22:05-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մեղրաձոր գյուղի սկզբնամասում «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կորյուն Ս․, ծնված 1963 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Մարմարիկ գետը․ տուժածներ չկան:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել գետից:

Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետից:

 


© 2009 ARMENPRESS.am