«Հին Գյումրի»-ն ներկայացված է նամականիշների «Եվրոպա» ամենամյա մրցույթին
17:27, 24 Մայիս, 2020ԳՅՈՒՄՐԻ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հին Գյումրի» նամականիշը ներկայացված է «Հնագույն փոստային երթուղիներ» թեմայով նամականիշերի «Եվրոպա» ամենամյա մրցույթին, որն արդեն մեկնարկել է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի տեղեկատվության բաժնից, այս տարի Հայաստանը մասնակցում է փոստային նամականիշով, որտեղ պատկերված է հին Գյումրին, որն իր բազմաթիվ երթուղիներով 19-րդ դարում հանդիսանում էր Հայաստանի առաջին մշակութային և քաղաքական կենտրոնը: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
«Հին Գյումրի» նամականիշի օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է այցելել մրցույթի կայք: Քվեարկությունն անցկացվելու է մինչև 2020 թ. սեպտեմբերի 9-ը:
Նախորդ տարի Հայաստանի ներկայացրած նամականիշը, նվիրված «Միջազգային. Եվրոպա 2019. Ազգային թռչուններ» թեմային, ճանաչվել էր լավագույնը և դրվել շրջանառության մեջ: Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (PostEurop) անդամ-երկրների «Europa» ամենամյա միջազգային համատեղ թողարկման շրջանակներում: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի նկարիչ-դիզայներ Աշխեն (Միլա) Խանձրածյանը:
«Europa» նամականիշերը միտված են Եվրոպայի փոստային օպերատորների սերտ համագործակցությանը՝ հաշվի առնելով ֆիլատելիայի խթանումը և ընդգծելով եվրոպական երկրների ընդհանուր արմատները, մշակույթը, պատմությունը և նպատակները:
Արմենուհի Մխոյան
© 2009 ARMENPRESS.am