COVID-19. Հանձնաժողովը քննարկել է անախտանիշ դեպքերի վարման ռազմավարությունը

19:36, 22 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում մայիսի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստում ներկայացվել է տեղեկատվություն՝ ՀՀ-ում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրության, ընթացիկ դինամիկայի, վարակված անձանց առողջական վիճակի, թեստավորման ծավալների վերաբերյալ:

Առաջիկա անելիքների համատեքստում քննարկման առարկա են դարձել անախտանիշ դեպքերի վարման ռազմավարությունը և ինքնամեկուսացման նկատմամբ հսկողության մեխանիզմները: Անդրադարձ է եղել, մասնավորապես, տեխնոլոգիական գործիքների կիրառմամբ կորոնավիրուսի տարածման շղթաների վերահսկելիությանը,  համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով տարբեր ուղղություններով տարվող աշխատանքներին, տեսչական ստուգումների արդյունքներին, խախտումների դեպքում պատասխանատվության միջոցների կիրառմանը: Արծարծվել են նաև համաճարակաբանական խնդրի կառավարելիությանը, առողջապահական համակարգի հագեցվածության և ծանրաբեռնվածությանն առնչվող հարցեր:

Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ շարունակել պարետատան սահմանած կանոնների պահպանման ուղղությամբ վերահսկողական աշխատանքները:


© 2009 ARMENPRESS.am