Քրեական դատավարության համակարգում սպասվում են կոնցեպտուալ փոփոխություններ. Բադասյան

12:08, 21 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց չզեկուցվող հարցերի մեջ ներառված ՀՀ քրեական օրենսգրքի նախագծին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծին:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ այս օրենսգրքերով առաջարկվում են կոնցեպտուալ փոփոխություններ, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, բազմաթիվ այլընտրանքային խափանման միջոցներ են ներդրվում, որը կբերի կալանքի թվի նվազեցման: «Օպերատիվ հետախուզության մի շարք տեսակներ բերվում են քրեական դատավարություն՝ գաղտնի քննչական գործողությունների տեսքով, որոնք ապահովելու են որպեսզի ստացված տեղեկությունները որպես ապացույց օգտագործվեն քրեական դատավարությունում եւ մի շարք այլ կոնցեպտուալ փոփոխություններ»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Բադասյանը՝ ավելացնելով, որ այսօր Արդարադատության նախարարության կայքում կհրապարակեն բոլոր փոփոխությունները, որպեսզի հանրությունը տեղյակ լինի:

Նախարարը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետին, որի գիտնականներն են աշխատել նախագծի վրա, ինչպես նաև Եվրոպայի խորհրդին:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ փաթեթների հրապարակային քննարկումը տեղի կունենա ԱԺ-ում, դրա համար որոշել են այն նորից կառավարության նիստում չքննարկել, քանի որ բավարար  չափով քննարկվել է: Վարչապետը հույս հայտնեց, որ այս օրենքների ընդունման արդյունքում քրեաիրավական վիճակը էականորեն կփոխվի: 


© 2009 ARMENPRESS.am