Թանգարանների միջազգային օրվա ծրագրերը՝ առցանց հարթակում

11:04, 18 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մայիսի 18-ին հրավիրում է բոլորին միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը, որն այս տարի, ելնելով համավարակի պատճառով երկրում ստեղծված իրավիճակից, առաջին անգամ պետք է նշենք անսովոր պայմաններում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը 1978 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին, կարևորելու դրանց դերը որպես հասարակության կրթական, մշակութային և ժամանցային կենտրոններ:

«Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն» խորագրի ներքո, որը մատնանշում է թանգարանների և տարբեր լսարանների երկխոսության ամրապնդումը, ինչպես նաև ցուցադրությունների հասանելիության ապահովումը: Թանգարանների միջազգային օրը մեր հասարակության ամենասպասված տոներից է, հատկապես` դրան նախորդող շաբաթ օրն ավանդաբար անցկացվող «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որը, ստեղծված իրավիճակից ելնելով, այս տարի կնշվի նոյեմբերին:

Մայիսի 18-ին կնշենք Թանգարանների միջազգային օրը, որի շրջանակում ՀՀ և Արցախի թանգարանները կիրականացնեն բազմաբովանդակ ծրագրեր առցանց հարթակում։ Տոնին ընդառաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ` թանգարանների առցանց հետևորդներին առաջարկելով տարբեր խորագրերով և ձևաչափերով տանը ստեղծել «Թանգարանային անկյուն», տեսագրություններն ուղարկել նախընտրած թանգարանին, որոնք կհրապարակվեն մայիսի 18-ին տվյալ թանգարանի ֆեյսբուքյան էջում:

Նախաձեռնության նպատակն է բացահայտելու նորանոր և յուրօրինակ «թանգարաններ» կամ «թանգարանային հավաքածուներ», ինչը հետագայում նոր նախաձեռնությունների առիթ կհանդիսանա»,- ասված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Թանգարանների միջազգային օրվան միացած թանգարանների առցանց ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ։


© 2009 ARMENPRESS.am