Հանրային բաց վայրերում դրվելու է ոչ թե դիմակների կրման, այլ առկայության պահանջ

18:21, 14 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հանրային բաց վայրերում պահանջ կդրվի դիմակների ոչ թե կրման, այլ առկայության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ հատուկ նիստում պատասխանելով  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի հարցին:

«Արդեն իսկ հնչած տարբեր կարծիքներից, կարծում եմ, որ խնդիրը այլ ձևակերպում ստացավ: Եվ փաստացի, ոնց որ թե այլ լուծման ենք գնում: Այսինքն, ոչ թե հանրային բաց վայրերում պահանջ կդրվի դիմակների կրման, այլ առկայության»,-ասաց Ավինյանը:

Պարետը նկատեց՝ պահանջը մայիսի 18-ից դնելու պատգամավորի առաջարկը խելամիտ է, և հենց այդպես էլ կարվի:

Հանրային տրանսպորտում դիմակ դնելու պահանջը կգործի մայիսի 18-ից:

Կառավարությունը մայիսի 14-ի նիստում որշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Աննա Գրիգորյան


© 2009 ARMENPRESS.am