ԼՀԿ-ն բոյկոտ չի հայտարարել, սակայն չի քննարկել խորհրդարանի նիստերի դահլիճ վերադառնալու ժամկետը

12:06, 13 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի քննարկել այն հարցը, թե երբ է վերադառնալու խորհրդարանի նիստերի դահլիճ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 13-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում նշեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ասելով, որ իրենց խմբակցությունը բոյկոտ չի հայտարարել:

«Մենք բոյկոտ չենք հայտարարել, բոյկոտ չենք անում: Մենք սպասում ենք, որ լինեն երաշխիքներ, որ խորհրդարանում բռնություն չի լինի, եթե չլինեն երաշխիքներ, էլի մենք գալու ենք ամեն դեպքում: Թե երբ կվերադառնանք, այդ հարցը չենք քննարկել»,- ասաց Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մայիսի 8-ի հերթական նիստի ընթացքում լքել է Ազգային ժողովի նիստերի դահլիճը, որից հետո այլևս չի վերադարձել:

Ազգային ժողովի նիստերի դահլիճում մայիսի 8-ին կառավարության ծրագրի կատարման ադյունքների մասին զեկույցի քննարկմանը ծեծկռտուքի միջադեպ էր տեղի ունեցել Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի միջև, միջամտել էին մյուս պատգմավորները: Նիստը ընդմիջվել էր: Դրանից հետո թե իշխանության, թե ընդդիմության կողմից թեմայի վերաբերյալ հնչել էին ելույթներ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ելույթում, մասնավորապես, նշել էր, որ միջադեպը պետք է ստանա քաղաքական գնահատական և ունենա քաղաքական հետևանքներ, այնուհետև խմբակցությունը ողջ կազմով լքել էր նիստերի դահլիճը: Իշխանության ներկայացուցիչները միջադեպը որակել էին ընդդիմության կողմից սադրանք՝ միևնույն ժամանակ դատապարտելով բռնության ցանկացած դրսևորում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն ևս որակել էր որպես սադրանք, սակայն որին տրվելու համար դատապարտել էր նաև իր քաղաքական թիմին:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am