Եռատոնին նվիրված մասշտաբային միջոցառումներ Արցախում չեն կայանա. Դավիթ Բաբայան

18:58, 8 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի տոնական միջոցառումների շրջանակներում մայիսի 9-ին Արցախի բարձրաստիճան այրերն այցելելու են Ստեփանակերտի հուշահամալիր։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

«Մեր բարձրաստիճան այրերն, ինչպես ամեն տարի, վաղը՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտի հուշահամալիրում՝ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին, Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին, ապա Շուշի քաղաքում՝ Տանկ-հուշարձանի պատվանդանին և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ծաղկեպսակներ կդնեն։ Այս տարի նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մասշտաբային այլ միջոցառումներ Արցախում չեն կայանա»,- նշեց Բաբայանը և հավելեց, որ ամենամյա համերգը նույնպես չի կայանա։

ԱՀ նախագահի մամուլի խոսնակը նաև նշեց, որ քաղաքացիներին նույնպես կթույլատրվի այդ հուշարձանների մոտ ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել, սակայն փոքր խմբերով այցելելու պարագայում։

Մայիսի 9-ին կնշվի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակը, Շուշիի ազատագրման 28-ամյակը։

Լիլիթ Դեմուրյան


© 2009 ARMENPRESS.am