Թունյանը նկատում է՝ մարդիկ ավելի շատ օգտվում են ինտերնետ, ոչ թե բջջային դասական ծառայություններից

15:07, 7 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նկատում է՝ հեռահաղորդակցության ոլորտի ծառայությունների ծավալը գնալով նվազում է, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը՝ աճում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թունյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը՝ որպես հանձնաժողովի կողմից հարակից զեկուցող:

«Վիճակագրական կոմիտեն ամեն եռամսյակ հրապարակում է զեկույց, որը կոչվում է հետաքրքրաշարժ վիճակագրություն: Դրանում առանձին ներկայացված է տեղեկատվական տեխնոլոգիակաների ոլորտի դինամիկան: Ընդհանուր տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտի ծավաը 2019-ին կազմել է 310 մլրդ դրամ, որը ՀՆԱ-ի 4,7 տոկոսն է: Եթե հանում ենք հեռահաղորդակցության ոլորտը, դիտարկում միայն մաքուր տեղեկատվական տեխնոլոգիաները, ապա այն ՀՆԱ-ի մեջ կազմում է 2,6 տոկոս: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աճը 30 տոկոս է, ընդ որում հեռահաղորդակցության ոլորտի ծառայությունների ծավալը գնալով նվազում է»,-ասաց Թունյանը:

Պատգամավորը նկատեց՝ այսինքն մարդիկ բջջային հեռախոսով դասական առումով ավելի քիչ են խոսում, ավելի քիչ են կարճ հաղորդագրություններ ուղարկում, փոխարենն ավելի շատ օգտվում են ինտերնետ ծառայություններից:

Աննա Գրիգորյան


© 2009 ARMENPRESS.am