Դատապարտված և կալանավորված որևէ անձի մոտ մինչև օրս կորոնավիրուս չի հայտնաբերվել

12:29, 7 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ,7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մինչև օրս կալանավորված և դատապարտված որևէ անձի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել՝ թեև քրեակատարողական ծառայողների շրջանում կան դեպքեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում ասաց  ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պաատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին:

Նա, մասնավորապես, նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ հարազատներին չեն թողնում հանձնուքներ տալ կալանավորված և դատապարտված անձանց, սակայն ոմանք քրեակատարողական հիմնարկի դիմացի խանութից կարողանում են բանկային քարտով առևտուր անել և ստանալ ապրանքը:

Բադասյանը արձագանքեց՝ դիմացի խանութի խնդիր չկա: Համապատասխան հայտ է լրացվում, այդ հայտի հիման վրա հնարավոր է լինում ձեռք բերել ապրանքներ, այդ ապրանքները մեկ օր պահել, բոլոր ախտահանման աշխատանքները կատարել, հետո նոր մուտք անել և  հանձնել դատապարտյալին: «Հերոսական ջանքեր են պահանջվել, որ մինչ այսօր որևէ դատապարտված  և կալանավորված անձի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, թեև քրեակատարողական ծառայողների շրջանում ունենք նմանատիպ դեպքեր»,-ասաց նախարարը:

Երեկվա՝ մայիսի 6-ի դրությամբ առկա է 2 142 դատապարտված և կալանավորված անձ: Նախարարը նկատեց՝ եթե նրանց հարազատները գնան, հանձնուքներով մտնեն ՔԿՀ, հնարավոր շփում լինի ծառայողների հետ, արդյունքում վարակի տարածման ինտենսիվության բարձր ցուցանիշներ կարձանագրվեն:

Հայաստանում մայիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2884 դեպք, որոնցից 1185-ն` առողջացածԿորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1 648 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 28 017 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 42 դեպք

Աննա Գրգորյան


© 2009 ARMENPRESS.am