Նախկինում համայնքների խոշորացումներն արվել են քաղաքական նպատակահարմարությամբ. Պապիկյան

11:19, 7 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում  համայնքների խոշորացման գործընթացը շարունակական է լինելու, արդեն խոշորացված մի շարք համայնքներ կարող են վերանայվել և միավորվել այլ ֆորմատով՝ աշխարհագրական, տնտեսական  և քաղաքացիների համար ընդունելի տարբերակով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց ԱԺ-ում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք պատրաստվո՞ւմ են վերանայել նախկին իշխանությունների կողմից ըստ իրենց նպատակահարմարության իրականացրած խոշորացումները և խոշորացում անել մեկ այլ ֆորմատով: Նա նշեց՝ Կողբը և Զորականը նույնիսկ ընդհանուր ճանապարհային սահման չունեն:

Պապիկյանն արձագանքեց՝ ինքը դեռ ավելի վաղ խոսել է այդպիսի նախադեպերի մասին: «Նախկինում տեղի են ունեցել խոշորացումներ, որոնք քաղաքական նպատակահարմարություն են հետապնդել»,-ասաց նախարարն ու  դիմեց պատգամավորին՝ նրա կողմից բարձրաձայնած համայնքների մասին ինքն անձամբ է նշել, այդպիսի համայնքներ կան:

Նա վստահեցրեց՝ համայնքների միավորման գործընթացը շարունակական է լինելու: «Այն համայնքները, որոնք չեն արդարացրել տվյալ ձևաչափով միավորումը, բնականաբար, կարող են վերանայվել և այլ ձևաչափով միավորվել: Դա կենթադրի աշխարհագրական, տնտեսական  և քաղաքացիների համար ընդունելի տարբերակ»,-ասաց նախարարը:

Աննա Գրիգորյան


© 2009 ARMENPRESS.am