ԱՄՆ սենատորները վերադառնում են Կոնգրես՝ չնայած կորոնավիրուսի վտանգին

10:17, 7 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի սենատորները վերադառնում են Կոնգրես՝ չնայած այն հանգամանքին, որ մայրաքաղաք Վաշինգտոնում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը շարունակում է աճել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ նրանք այստեղ են՝ լսելու ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում Թրամփի կողմից նշանակված Ջոն Ռեթքլիֆին: Օրակարգում դրված է նրան այս պաշտոնում հաստատելու հարցը: Ռեթքլիֆն ասում է, թե իր համար առաջնահերթությունը լինելու է կորոնավիրուսի ծագման վայրը պարզելը:

Կոնգրեսը նախադեպը չունեցող 3 տրիլիոն դոլարի օգնության փաթեթ է հաստատել՝ օգնելու տնտեսությունը վերականգնելուն և հասարակական առողջապահական ճգնաժամը հարթելուն: Հիմա օրենսդիրներն ուզում են, որ ուժեղ վերահսկողություն հաստատվի այդ գումարների վրա, որպեսզի հսկա հատկացումներն օգտագործվեն խելամտորեն:

Դեմոկրատ սենատոր Շերոդ Բրաունը մյուս դեմոկրատների հետ բողոքում է, որ հանրապետական ղեկավարությունը, իրենց կյանքը վտանգի տակ դնելով, հրավիրում է այստեղ՝ Թրամփի ներկայացրած թեկնածուներին իրենց պաշտոններում հաստատելու համար: «Իսկ երբ աշխարհում, այդ թվում Հարավային Կորեայում ու Կանադայում, կորոնավիրուսի տարածման կորագիծը հարթվում է, ՄիացյալՆահանգները, որը հաճախ համարվում է աշխարհի առաջատար երկիրը, այս հարցում կաղում է»,- բողոքում է Սենատի փոքրամասնության դեմոկրատ ղեկավար Չաք Շումերը:

Քաղաքական լարվածությունը խորանում է նաեւ ամերիկյան տնտեսությունը վերականգնելու նպատակով օգնության փաթեթի հաջորդ փուլն իրականացնելու հարցի շուրջ: Ներկայացուցիչների պալատի նախագահ, դեմոկրատ կոնգրեսական Փելոսին պատրաստվում է այս հարցի շուրջ իր կուսակցության գաղափարները ներկայացնել շաբաթվա վերջին: Հակառակ Սենատին, որի անդամները ժամանել են նշանակումները հաստատելու համար, Ներկայացուցիչների պալատն իր աշխատանքները շարունակում է առցանց:


© 2009 ARMENPRESS.am