Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է Արցախում

11:40, 2 Մայիս, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում մայիսի 1-ից 2-ը աշխատանքային այցով Արցախում է  գտնվել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, Արցախի հանրապետության իր պաշտոնակից, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը եղել է հյուսիսային ու կենտրոնական ուղղությամբ գործող մի շարք զորամասերում, այցելել զորային ու թիկունքային նշանակության տարբեր օբյեկտներ, հանդիպումներ ունեցել սպայական, պայմանագրային ու ժամկետային կազմի զինվորականների հետ:

Աշխատանքային շրջայցի ընթացքում շոշափված հիմնական թեմաներից են եղել անձնակազմի ծառայողական ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության, սպառազինության ու ռազմական տեխնիկայի արդյունավետ կիրառման, արդիականացման և թիկունքային ապահովման համալիր խնդիրները:

Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել երկու հայկական պետությունների ռազմական համագործակցության արդի մակարդակն ու այս համատեքստում մասնավորապես այն բոլոր միջոցառումների որակական ցուցանիշները, որոնք իրականացվում են ՊԲ-ում:

Աշխատանքային շրջայցի ընթացքում նաև ճշգրտվել են այն հետագա անելիքների առաջնահերթ ուղղությունները, որոնք առաջիկայում պետք է ընկած լինեն ռազմական համագործակցության օրակարգի հիմքում:


© 2009 ARMENPRESS.am