Արաբական Միացյալ Էմիրությունները բժշկական օգնություն է ուղարկել Հայաստան

15:26, 27 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արաբական Միացյալ Էմիրությունները 7 տոննա բժշկական պարագաներով լի ինքնաթիռ է ուղարկել  Հայաստան՝ աջակցելու երկրին նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից, բժշկական օգնությունից կօգտվի ավելի քան 7 հազար բուժաշխատող։

Այս առիթով Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․ Մուհամմադ Իսա ալ Կատտամ Ալ Զաաբին ասել է․ «Էմիրությունների համար պատիվ է իրականացնել իր պարտականությունը՝ օգնելու այլ երկրներին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում»։

Պարոն դեսպանը նշել է նաև․ «ԱՄԷ կառավարությունը, ժողովուրդըև բոլոր բուժաշխատողները միավորում են իրենց ջանքերը՝ հանուն  այս ճգնաժամի հաղթահարման։ Մենք գիտակցում ենք, որ միջազգային հանրությունը կարող է հաղթահարել կորոնավիրուսը միայն միահամուռ ջանքերով և կառուցողական համագործակցությամբ»։

Հիշեցնենք, որ ԱՄԷ-ն մինչ օրս ավելի քան 314 տոննա օգնություն է ուղարկել 27-ից ավելի պետության, որից օգտվել է շուրջ 314 հազար բուժաշխատող։


© 2009 ARMENPRESS.am