Սեուլում մեկնաբանել են Կիմ Չեն Ընի առողջական վիճակի մասին խոսակցությունները

10:44, 27 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի կառավարությունը չի նկատել որևէ նշան, որը կհաստատեր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի առողջական վիճակի մասին խոսակցությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել են Միավորման գործերի նախարարությունում:

«Կիմ Չեն Ընի առողջական վիճակի հետ կապված խոսակցությունները հաստատելու որևէ նշան չկա: Ինչպես արդեն նշվել էր Ազգային անվտանգության խորհրդի նախագահության նիստում, որևէ անսովոր միտում չի երևում»,- կորեական «Yonhap» լրատվական գործակալությունը մեջբերում է նախարարության ներկայացուցիչ Չո Խե Սիլի խոսքը:

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել այն մասին, թե Կիմ Չեն Ընի առողջական վիճակը ծանր է: Նույնիսկ ենթադրություններ եղան նրա մահվան վերաբերյալ: Նշվում էր, որ նա երկու անգամ չի մասնակցել Հյուսիսային Կորեայում տեղի ունեցած կարևոր միջոցառումներին:


© 2009 ARMENPRESS.am